Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարազմի գագաթնակետ

Մարազմի գագաթնակետ
05.12.2008 | 00:00

ԱՋԱՐԱԿԱՆ ՂԱՐԱԲԱՂ
Ռուսական շատ հայտնի «Նաշա վերսիա» թերթի նոյեմբերի 23-ի համարում Ռուսլան Գորևոյի ստորագրությամբ լույս է տեսել ղարաբաղյան հակամարտության կարգավորում առաջարկող «տարբերակ», ուր հեղինակն առանց այլևայլության առաջարկում է ԼՂՀ-ն ինքնավարության կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում, իսկ դրա փոխարեն Հայաստանը կարող է ելք ստանալ դեպի Սև ծով` Վրաստանի հաշվին։ Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանին հանձնել Ջավախքի մի մասը, Քոբուլեթ և Բաթում նավահանգիստները։
Այս կապակցությամբ հեղինակը նշում է. «Ինչպես մեզ հայտնի դարձավ Հայաստանի նախագահի շրջապատի իրազեկ աղբյուրներից, ռուսական փորձագետների մի խումբ մոտավորապես մեկ ամիս առաջ մշակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես ասած, ասիմետրիկ կոնցեպցիա։ Եթե հավատալու լինենք մեր աղբյուրներին, այսօր առաջարկվում է հետևյալ տարբերակը. Լեռնային Ղարաբաղը դառնում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում` ստանալով հետագա գոյության երաշխիքներ Հայաստանի հետ Լաչինի միջանցքով կապ ունենալու հաշվին։ Այլ կերպ ասած, Հայաստանը ճանաչում է Ղարաբաղն իբրև ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչի մասին դեռ վերջերս խոսք չէր կարող լինել։ Բայց դրա փոխարեն Երևանը ելք է ստանում դեպի Սև ծով` ընդլայնելով իր սահմաններն Աջարիայի հաշվին, որը ձևականորեն Վրաստանի մեջ է մտնում»։
Այս, մեղմ ասած, վիճելի և ավելին` պրովոկացիոն «տեղեկատվությունը» հրապարակելով` հեղինակն անցնում է Աջարիայի հաշվին Հայաստանի սահմաններն ընդլայնելու «պատմական» հիմնավորումներին։ Գորևոյի պնդմամբ. «Այսօր թվում է, թե Թբիլիսին պինդ պահում է Աջարիան։ Վրացական մայրաքաղաքային էլիտան թափանցել է Բաթում` լուսանցք մղելով տեղական գործարարներին։ Սակայն արդեն հասունանում է դժգոհությունը, որն իր մեջ ունի ոչ միայն տնտեսական հիմք։ Խնդիրն այն է, որ Աջարիայում կոմպակտ բնակվում են սուննի-մուսուլմաններ, և 1980-ական թվականների վերջերին նրանք կազմում էին տեղական բնակչության երկու երրորդից ավելին։ Ավելի ուշ անցկացված մարդահամարների ժամանակ, որոնց արդյունքներն ամփոփվում էին Թբիլիսիում, որպես կանոն, մուսուլման բնակչության թվակազմը նվազեցվում էր, թեպետ այդ տարածաշրջանից արտագաղթ չի եղել։ Ասլան Աբաշիձեի իշխանության շրջանում չկային նաև ազգամիջյան հակամարտություններ, մինչդեռ վերջին 3-4 տարիներին դրանք պարբերաբար բռնկվում են։ Թբիլիսիում չեն ընդունում աջարների գոյությունն իբրև ազգության, պաշտոնապես համարվում է, որ դա հորինվել է խորհրդային իշխանությունների կողմից, 1926 թվականին։ Մինչդեռ Աջարիայում մեծամասնությունը կազմում են հենց աջարները` 93 տոկոս։ Բնութագրական է, որ ավանդական ազգամիջյան կապերը աջարների մոտ առաջացել են ոչ թե հավատակիցների` թուրքերի և ադրբեջանցիների, նույնիսկ ոչ էլ վրացիների, այլ հայերի հետ։ Հայ-աջարական խառն ամուսնությունները տասնամյակներով այստեղ համարվել են միանգամայն նորմալ։
Սակայն վերադառնանք հայ-ադրբեջանական բանակցություններին։ Պարզ է, որ Բաքվում երբեք չեն հրաժարվի Ստեփանակերտի նկատմամբ իրենց հավակնություններից։ Պարզ է նաև, որ Երևանը հետ չի քաշվի Լեռնային Ղարաբաղից, եթե միայն Հայաստանին չառաջարկվի այնպիսի բան, ինչը նա երբեք չի ունեցել, բայց ցանկանում է ոչ պակաս, քան Ղարաբաղի իր հին, սակայն ոչ այնքան բերրի ու յուրացված հողերը։ Համահայկական ձգտման այդպիսի օբյեկտ կարող է լինել ելքը դեպի ծով։ Հայաստանը սեղմված է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, իսկ կողքին ծփում է Սև ծովը։ Հանգուցյալ գրող Գեորգի Սևերսկին պատմում էր, որ 1950-ականներին գոյություն է ունեցել, այսպես կոչված, Միկոյանի նախագիծը, որի համաձայն` Հայաստանին պետք է անցներ Վրաստանի տարածքի մի նեղ շերտը` Բաթում և Քոբուլեթ նավահանգիստներով հանդերձ։ Սևերսկու պնդմամբ, Միկոյանն այդ գաղափարը փորձել է իրագործել 1949-ից սկսած, սակայն քանի դեռ ամեն ինչ որոշում էին Ստալինն ու Բերիան, չէր կարելի հույս ունենալ, որ Վրաստանից կարող է անջատվել թեկուզ մի կտոր հող։ Այնուհետև երկու անգամ` 1954-ին և 1958-ին, Միկոյանն այդ հարցը դրել է Խրուշչովի առջև։ Վերջին անգամ ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարը, իրեն պարտավորված զգալով Միկոյանի հանդեպ, քանի որ վերջինս նրան օգնել էր Մոլոտով-Կագանովիչի խմբավորումը ջախջախելու գործում, կարծես համաձայնել էր Միկոյանի փաստարկների հետ։ Նա նույնիսկ հավաքել էր փորձագիտական խումբ, որին հանձնարարվել էր կարգավորել ձևականությունները։ 1965-ին Հայաստանը պետք է ստանար նեղ հողատարածք դեպի Բաթում և Քոբուլեթ։ Կար այլ տարբերակ ևս` Աջարիան անցնում էր Հայաստանին ամբողջությամբ։ Պահպանված են այն նյութերը, համաձայն որոնց Աջարիայի բնակչությունը չէր առարկում Հայաստանին միանալուն։ Սակայն մեկ տարի առաջ Խրուշչովի հեռացումը քաղաքական թատերաբեմից կասեցրեց Անաստաս Միկոյանի հեռուն գնացող ծրագրերը։ Հիմա, գրեթե կես դար անց, ամենայն հավանականությամբ, որոշել են վերադառնալ Միկոյանի գաղափարին։ ՈՒղղակի ապացույցներ չկան, թե այսօրվա հետպատերազմյան Վրաստանը դառնալու է մանրադրամ տարածաշրջանային խնդիրների լուծման առումով։ Սակայն եթե հավատանք հայկական և ադրբեջանական բարձրաստիճան շրջանակների տեղեկատվական արտահոսքին, հենց դեպի ծով ելք ունենալու հեռանկարն է Հայաստանի նախագահին նստեցրել Ադրբեջանի ղեկավարի հետ նույն սեղանի շուրջ` Ղարաբաղի հարցով»
։ Միաժամանակ, հոդվածագիրը հղում է անում իբրև թե Վրաստանի արտգործնախարար Էկա Տղեշելաշվիլու հնչեցրած հայտարարությանը, թե Վրաստանը երբեք չի դառնա մանրադրամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համատեքստում և թույլ չի տա այլոց խնդիրները լուծել իր տարածքի հաշվին։
Վրաստանի արտգործնախարարի կողմից այդպիսի հայտարարության որոնումները մեզ ոչ մի արդյունքի չհանգեցրին։ Սակայն սկզբունքորեն դա չէ էականը, այլ այն, թե «Նաշա վերսիան», հիշյալ հոդվածը տպագրելով, ի՞նչ նպատակ է հետապնդում, մանավանդ որ հոդվածում բերված «փաստերը» անչափ խոցելի են։ Առաջին հերթին հոդվածագիր Գորևոյը կամ տեղյակ չէ, կամ էլ անտեղյակ է ձևանում այն իրողությունից, որ Աջարիայի կարգավիճակը Վրաստանի կազմում սահմանված է 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով։ Այսինքն, այն նույն պայմանագրերով, որոնց համաձայն Խորհրդային Ռուսաստանի պարտադրանքով Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որպես անկախ սուբյեկտ (քանի որ ԽՍՀՄ-ը դեռ ձևավորված չէր), Թուրքիային զիջեց Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Ադրբեջանին` Նախիջևանը։ Այս իրողությանն ամենաքաջատեղյակ մարդկանցից մեկը նույն Անաստաս Միկոյանն էր, ուստի քիչ հավանական է կամ գրեթե անհնարին, որ նա հանդես բերեր Բաթումը Հայաստանին միացնելու նախաձեռնություն, քանի որ դա կնշանակեր 1921-ի պայմանագրերի վերանայում, ինչին ԽՍՀՄ-ն այդպես էլ չդիմեց` Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Նույն Միկոյանի համար անհամեմատ հեշտ էր հանդես բերել Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու նախաձեռնություն, քանի որ դա ԽՍՀՄ-ի ներքին խնդիրն էր և սկզբունքորեն կարող էր լուծվել նույն տարբերակով, ինչպես Ղրիմը հանվեց Ռուսաստանի կազմից և մտցվեց ՈՒկրաինայի կազմ։ Սակայն փաստ է, որ Միկոյանը նույնիսկ այդպիսի նախաձեռնություն երբևէ հանդես չի բերել։
Եթե վերադառնանք ներկա իրավիճակին և նույնիսկ ենթադրենք, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական նախագծի շրջանակներում քննարկվում է Աջարիան Հայաստանին հանձնելու տարբերակ, ապա բոլորովին հասկանալի չէ, թե ինչպես է Ռուսաստանը դա անելու։ Եթե Մոսկվան պատրաստ է խախտելու 1921-ի երկու պայմանագրերը, և եթե Թուրքիան էլ համաձայն է դրան, ապա ինչո՞ւ Ռուսաստանն Աջարիայի փոխարեն Հայաստանին չի վերադարձնում 1921-ի պայմանագրերով մեզանից խլված Կարսի մարզը, Սուրմալուի գավառը և Ադրբեջանին հանձնված Նախիջևանը։ Այդ տարածքը, որ 1919-20-ին կազմում էր Հայաստանի Հանրապետության մասը, 25 հազար քառակուսի կիլոմետրից ավելի է, իսկ Արդահանից մինչև Բաթում ճանապարհը շատ ավելի կարճ է, քան Բավրայից Բաթում։ Բայց Ռուսաստանը տասնամյակներ շարունակ ձեռնպահ է մնում հիշյալ ռուս-թուրքական պայմանագրերի վերանայումից, որոնց համաձայն էլ Անկարան ու Մոսկվան համատեղ «հավաքել» են տարածաշրջանի սահմաններն ու անվտանգության համակարգը։
Հետևապես, Գորևոյի հոդվածը հետապնդում է բացառապես մեկ նպատակ` հայ-վրացական թշնամության սերմանում։ Օգոստոսին տեղի ունեցած հնգօրյա պատերազմից հետո պարզ է դարձել, որ Ռուսաստանը, ջախջախելով վրացական բանակը և ճանաչելով Աբխազիան ու Հարավային Օսիան իբրև ինքնուրույն պետություններ, միաժամանակ զրկվել է Վրաստանի քաղաքականության վրա ազդելու այն հիմնական լծակներից, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած տարիներին։ Տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու համար Մոսկվան ակնհայտորեն ձգտում է Անկարայի և Բաքվի հետ հակաամերիկյան առանցք ձևավորել` նպատակ ունենալով այդ ճանապարհով չեզոքացնել արևմտյան ազդեցությունը տարածաշրջանում, քանզի պարզ է, որ հնգօրյա պատերազմից հետո Վրաստանն ամբողջությամբ հայտնվել է արևմտյան ազդեցության դաշտում։ Եվ եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այնտեղ վերջնականապես ամրապնդվեն, այդ ազդեցության տարածումն Ադրբեջանի և Հայաստանի վրա նույնպես միանգամայն հավանական է, եթե ոչ անխուսափելի։ Այդ պատճառով էլ Ղարաբաղը կրկին Ադրբեջանին նվիրելու նախաձեռնություն դրսևորելով` Մոսկվան միաժամանակ դեմ չէ հայ-վրացական հակամարտության հրահրմանը այն հույսով, որ Հայաստան-Ադրբեջան «հաշտեցումը» հնարավորություն կտա երեք կողմից բլիթի պես սեղմել Վրաստանը։
Այս քաղաքականությունը, սակայն, ձեռնտու չէ ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին։ Բաքուն Թբիլիսիի հետ կապված է միլիարդավոր դոլարներ արժեցող էներգետիկ նախագծերով, իսկ Հայաստանի համար Վրաստանը երկրորդ հուսալի հարևանն է Իրանից հետո, որի տարածքով Հայաստանը կապ է հաստատում արտաքին աշխարհի հետ։ Ակնհայտ է նաև, որ օգոստոսյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի դրսևորած շատ հավասարակշիռ կեցվածքը բոլորովին դուր չէր գալիս Մոսկվային, ուր ԱՊՀ ՀԱՊԿ անդամ Հայաստանից սպասում էին անվերապահ անձնազոհություն և միջամտություն ռուս-վրացական հակամարտությանը, բնականաբար, հանուն ռուսական շահերի։ Եվ քանի որ այդ սցենարի իրագործումը չհաջողվեց, այժմ տարաբնույթ «վարկածներ» են հայտնվում ռուսական մամուլում, որոնք բացահայտ խայծ են միամիտների համար, թե ինչ կարող է Մոսկվան առաջարկել Երևանին` Ղարաբաղը Բաքվին հանձնելու դիմաց։ Իրականում Ռուսաստանն այս հարթության մեջ ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին առաջարկելու բան չունի։ Մոսկվան չի տիրապետում այնպիսի լծակների, որոնց միջոցով կարողանար ապակայունացնել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շփման գծում, եթե հակամարտության կողմերն իրենք չգնան դրան։ Այդ պատճառով էլ հակամարտության «կարգավորման» ռուսական նախագիծը, իբրև պարտադիր պայման, նախատեսում է բացառապես ռուսական զորքերով համալրված «խաղաղապահ» բազմահազար զորախմբի մուտքը հակամարտության գոտի, ինչը հնարավորություն կտար Մոսկվային` միանգամից լուծելու երկու գլոբալ խնդիր. վերահսկողություն հաստատել Ադրբեջանով անցնող էներգետիկ կոմունիկացիաների, Բաքու-Ջեյհան նավթամուղի և այլ խողովակաշարի վրա, ինչպես նաև «խաղաղապահների» տեղակայումով բացառել հակամարտության քաղաքական կարգավորումը։ Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակն այդ իմաստով շատ խոսուն է, երբ երկու հակամարտությունների գոտիներում էլ կանգնած էր ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, և դրանք այդպես էլ քաղաքական կարգավորում չունեցան, ի վերջո, հանգեցնելով ռազմական գործողությունների նոր էսկալացիայի և մի քանի տասնամյակով կրկին հետ մղելով այս տարածաշրջանների ու Վրաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը։ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է հանգուցալուծվել միայն Ադրբեջանի, ԼՂՀ-ի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքում։ Ցանկացած միջնորդի հայտնվելու հանգամանքը վկայելու է միայն այն մասին, որ կարգավորում չի լինելու, քանզի որևէ միջնորդ պետության շահերից դա չի բխում։ Հետևապես, ավելի լավ է պահպանել ներկայիս «ստատուս քվոն», քան մտնել մի գործընթացի մեջ, որտեղ կարող են շահել բոլորը, բացառությամբ իրենց ինքնորոշման իրավունքը 1991-ի սեպտեմբերի 2-ի հանրաքվեով հաստատած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ բնակչության։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4051

Մեկնաբանություններ